Իրանական Tasnim-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը ներկա է չարտոնված բողոքի ակցիաներին (տեսանյութ)

16:45 • 13.01.20

Իրանական Tasnim գործակալությունը հունվարի 13-ին տեսանյութ է հրապարակել, որում, ըստ պնդումների, պատկերված է Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը, որը գտնվում է չարտոնված բողոքի ակցիայի վայրում:

Կադրերում, որոնք նկարահանված են օրվա մութ ժամի, երևում են երկու տղամարդ: Նրանցից մեկն արտաքնապես նման է Մաքեյրին: Նրանք կանգնած են մարդկանց շրջապատում և շփվում են միմյանց հետ: 

Գործակալությունը տեսանյութն անվանել է «ոստիկանության կողմից տարածված առաջին տեսաձայնագրությունը, որը ցույց է տալիս Մաքեյրին և նրա ուղեկցին Թեհրանում չարտոնված բողոքի ակցիայի վայրում»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը կանչվել է երկրի արտգործնախարարություն` բացատրություն տալու Թեհրանում կայացած ապօրինի հավաքին իր մասնակցության վերաբերյալ: