«Ես լիովին աջակցում եմ Հարիի և Մեգանի՝ նոր կյանք սկսելու ցանկությանը». Էլիզաբեթ II-ը հայտարարությամբ է հանդես եկել ընտանեկան խորհրդակցությունից հետո
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ն աջակցություն է հայտնել արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգանի՝ թագավորական ընտանիքի անդամի արտոնություններից հրաժարվելու և այսուհետ մասնավոր կյանքով ապրելու որոշմանը:
Ինչպես փոխանցում է Meduza գործակալությունը, համապատասխան հայտարարություն է արվել միապետական ընտանիքի խորհրդակցության ավարտին:
«Ընտանիքս և ես լիովին աջակցում ենք Հարիի և Մեգանի ցանկությանը՝ նոր կյանք սկսելու երիտասարդ ընտանիքի կարգավիճակում: Թեև մենք կնախընտրեինք, որ նրանք մնային թագավորական ընտանիքի լիարժեք անդամներ, մենք հարգում և ընդունում ենք առավել անկախ կյանքով ապրելու նրանց ցանկությունը»,- ասվում է թագուհու հայտարարության մեջ:










