Թուրքմենստանում պահանջում են «թարմացնել» նախագահի դիմանկարները` նրա մազերի ճերմակելու պատճառով
Թուրքմենստանի Մարիի վելայաթում իշխանությունները բոլոր պետական կառույցներից ու ձեռնարկություններից պահանջում են «թարմացնել» նախագահի դիմանկարները: Այս մասին տեղեկացնում է centralasia.media կայքը` հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի ծառայությանը:
Իշխանությունները դիմանկարները փոխելու որոշումը բացատրում են այն հանգամանքով, որ նախագահի մազերի գույնը փոխվել է` դրանք ճերմակել են:
Նախագահը, որին ամեն օր կարելի է տեսնել թուրքմենական հեռուստատեսությամբ, 2018 թվականի օգոստոսին հանկարծակի փոխել է իմիջը, և նրա մազերը բոլորի աչքի առաջ սկսել են ճերմակել:
Այս պահանջը վերաբերում է վելայաթի բոլոր պետական կազմակերպություններին, նրանցից պահանջվել է դիմանկարները փոխել մոտ ապագայում: Նշվում է, որ հրամանը չկատարելու դեպքում պատասխանատուներին սպառնում է խոշոր չափի տուգանք և նույնիսկ աշխատանքից ազատում:
Ռադիոծառայության անանուն զրուցակիցներից մեկը, որը պետական աշխատող է, իր դժգոհությունն է հայտնել և նշել, որ «նախագահն ամեն ամիս փոխում է իր մազերի գույնը և իրենցից ամեն անգամ պահանջում են փոխել դիմանկարները»:
Ծառայության թղթակիցը ճշտել է տեղի խանութներում նախագահի դիմանկարների գինը: Այն տատանվում է 10-ից 100 թուրքմենական մանաթի միջև: Շրջանակման համար պետք է վճարել 50-200 մանաթ:
Այսպիսով` նախագահի դիմանկարի ամենաթանկ գինը 300 մանաթն է: Պաշտոնական տվյալներով` այն հավասար է 85 ԱՄՆ դոլարին, «սև շուկայի» տվյալներով` 15 դոլարի: Իսկ ամենաէժան դիմանկարը կարժենա 60 մանաթ (17 դոլար` պաշտոնական տվյալով, 3 դոլար` «սև շուկայի» տվյալով):
Բացի նախագահի դիմանկարի փոփոխությունից, պետական ծառայություններից պահանջում են նաև պաստառներ կախել 2020 թվականի կարգախոսով` «Թուրքմենստանը չեզոքության հայրենիքն է»: Այդ պաստառների արժեքը 20-100 մանաթ է:











