Զոհերի մարմիններով Ուկրաինայի ՊՆ օդանավը Թեհրանից կվերադառնա միայն բոլոր ընթացակարգերի ավարտից հետո. ուկրաինացի պաշտոնյա

16:04 • 13.01.20

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը տեղեկացրել է, որ երկրի պաշտպանության նախարարության օդանավն Ուկրաինա կվերադառնա` իր հետ բերելով Իրանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված Ուկրաինայի 11 քաղաքացիների մարմինները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Ուկրաինայի պաշտպանության նախարարության օդանավը կվերադառնա Թեհրանից միայն բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, և այդ ժամանակ մենք կկարողանանք վերցնել Ուկրաինայի զոհված 11 քաղաքացիների մարմինները»,-նշել է Դանիլովը:

Նա հավելել է, որ այդ ուղղությամբ աշխատում են բոլոր մասնագետները:

«Անհրաժեշտության դեպքում կներգրավվեն նաև լրացուցիչ ուժեր»,- ասել է Դանիլովը:

Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները հունվարի 11-ին խոստովանել էին, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը հունվարի 8-ին սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով: