Իրանական լրատվամիջոցը Թրամփի, Պոմպեոյի և Նեթանյահուի «սպանության» քարոզչական տեսանյութ է տարածել (տեսանյութ)
Իրանական Fars «կիսապաշտոնական» լրատվամիջոցը տարածել է քարոզչական տեսանյութ, որում ներկայացված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կեղծ սպանությունը, գրում է dailymail.co.uk-ը:
Տեսանյութում ցուցադրված է՝ ինչպես է իրանական կողմը վրեժ լուծում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Հատկանշական է, որ տեսանյութում Իրանի հավանական թիրախների ցանկում է նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Բին Սալմանը:
Այնուհետև երևում են կադրեր, որոնցում Վաշինգտոնի Կապիտոլիումը պայթեցվում է, իսկ իրանական ուժերը գրոհում են Սպիտակ տունը. նախագահ Թրամփը, Պոմպեոն և Նեթանյահուն արյունոտ գլուխներով գետնին են ընկնում:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Նախորդ չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:
Ինչպես ավելի հայտնել էր Tert.am-ը, Սոլեյմանիի սպանության հարցում Միացյալ Նահանգներին օգնել է Իսրայելի հետախուզությունը: Հայտնի է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն միակ օտարերկրացի առաջնորդն է, որը նախապես տեղեկացված է եղել ծրագրված սպանության մասին:










