Իսպանիան Կատալոնիային թույլ է տվել երեք ներկայացուցչություն բացել երկրի սահմաններից դուրս
Կատալոնական իշխանությունները Իսպանիայի արտգործնախարարության համաձայնությամբ պատրաստվում է ներկայացուցչություններ բացել Մեքսիկայում, Արգենտինայում և Թունիսում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Մամուլի ասուլիսի ժամանակ իսպանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, ֆինանսների նախարար Մարիա Խեսուս Մոնտերոն հաստատել է, որ կատալոնական ներկայացուցչությունների բացումը հաստատվել է արտգործնախարարության կողմից: Նրա խոսքերով՝ այս անգամ կատալոնական իշխանությունների ներկայացրած փաստաթղթերը չեն հակասում Իսպանիայի սահմանադրությանը, մասնավորապես դրանցում հստակ նշված է, որ ներկայացուցչությունների գործունեությունը սահմանափակվելու է առևտրային հարաբերություններով և դրանք «ոչ մի դեպքում չեն հանդիսանալու իսպանական դեսպանատների այլընտրանք և չեն փոխարինելու դրանց»:
Ավելի վաղ Կատալոնիայի կողմից այլ երկրներում ներկայացուցչություններ բացելու հարցը քննադատվում էր Իսպանիայի արտգործնախարարության կողմից: Կատալոնիայի ղեկավարության նմանատիպ նախաձեռնությունները նախկինում վեճի առարկա են դարձել դատարաններում:










