Նիդեռլանդներում ադրբեջանցին կռիվ է սարքել զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ` Արցախը պատկերող բրոշյուրների պատճառով (լուսանկար)
Նիդեռլանդական Ուտրեխտ քաղաքում գտնվող Յարբեուրս ցուցահանդեսային համալիրում կազմակերպվել է ավանդական միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որում Հայաստանը ներկայացված է եղել 3, իսկ Վրաստանը` 8 զբոսաշրջային ընկերություններով: Այս մասին տեղեկացնում է Report.az կայքը:
Կայքի փոխանցմամբ` Նիդեռլանդների և Բելգիայի ադրբեջանցիների խորհրդի համակարգող Էմիլ Ալիևին դուր չեն եկել ցուցահանդեսի ժամանակ ներկայացված բրոշյուրները, որոնց վրա Արցախի տարածքի գույնը տարբերվել է քարտեզի վրա պատկերված Ադրբեջանի գույնից և նշված է եղել որպես Nagorno Karabakh Republic և Artsakh:
Ի դեպ, Լեռնային Ղարաբաղն այս կերպով ներկայացրել են վրացական և նիդեռլանդական զբոսաշրջային ընկերությունները:
Ադրբեջանցին պահանջել է բրոշյուրները ցուցահանդեսից դուրս բերել, ինչից հետո կռիվ է սկսվել, և Ալիևը ծեծի է ենթարկվել:
Նշվում է, որ նրա «համառության ու ջանքերի արդյունքում» Արցախի մասին նյութերը հեռացվել են:











