Ավստրալիայում երկար սպասված անձրև է տեղացել, սակայն անտառային հրդեհներն ամբողջությամբ չեն մարվել (լուսանկարներ)
Ամիսներ շարունակ անտառային հրդեհների թիրախում հայտնված Ավստրալիայի որոշ հատվածներում երկար սպասված անձրև է տեղացել, հայտնում է theguardian.com-ը:
Տեղումները գրանցվել են Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում, որտեղ մոտ 21 ամիս երաշտ էր և հոկտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները:
Պարբերականը նկատում է, որ անձրևն այնքան սպասված էր, որ բնակիչների ուրախությունը շատ մեծ եղել:
Վերջին ամիսներին սրանք ամենահորդառատ տեղումներն են եղել: Որոշ հատվածներում անձրևը տեղացել է 24 ժամ:
Նոր Հարավային Ուելսի հրշեջ ծառայությունը հաստատել է, որ անձրևի շնորհիվ կրակի որոշ օջախներ մարվել են, սակայն հունվարի 17-ի դրությամբ դեռևս 112 օջախ կա: Մինչդեռ Վիկտորիայում կա հրդեհի 17 օջախ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, տևական ժամանակ Ավստրալիան պատուհասած ուժգին անտառային հրդեհներն ավելի քան 1 մլրդ կենդանիների սատկելու պատճառ են դարձել: Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Քրիս Դիքմանը պարզել է, որ միայն Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների զոհ է դարձել ավելի քան 800 մլն կենդանի:
Դիքմանի ներկայացրած թվերը հիմնված են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ 2007թ. զեկույցի վրա, և չի բացառվում, որ իրականում սատկած կենդանիների թիվը շատ ավելին լինի:
Անտառային հրդեհների հետևանքով Ավստրալիայում այրվել է մի քանի միլիոն հեկտար մակերեսով տարածություն, ոչնչացվել է հազար տուն, զոհվել` 17 մարդ: Որոշ հատվածներում հրդեհներն այնքան ուժեղ են, որ դրանք արդեն անհնար է օդից մարել: Ավստրալիայի հարավ-արևելյան ափին լայնամասշտաբ տարհանում է իրականացվում:
![]()













