Սիրիայի զինված ուժերը շուրջ 50 զինյալների են վերացրել Հալեպում և Իդլիբում

23:34 • 17.01.20

Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի կողմից շուրջ 50 զինյալներ են վերացվել Իդլիբում և Հալեպում կառավարական ուժերի վրա կատարված հարձակման ընթացքում: Այս մասին  ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է Սիրիայում հակամարտության կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Յուրի Բորենկովը,գրում է РИА Новости գործակալությունը:

Բորենկովը պատմել է, որ «Հայաթ Թահրիր Աշ-շամ» ահաբեկչական կազմակերպության զինյալները Իդլիբի և Հալեպի մի քանի բնակավայրերում փորձել են ներխուժել կառավարական ուժերի դիրքեր: Սիրիայի զինված ուժերին հաջողվել է պահպանել դիրքերը:

«Հարձակումները հետ մղելու ընթացքում վերացվել է 50 զինյալ, 7 պիկապ, որոնց վրա եղել են ծանր ինքնաձիգներ և մեկ «Ջիհադ-մոբիլ» մեքենա»-տեղեկացրել է կենտրոնի ղեկավարը:

Բորենկովը նշել է նաև, որ հունվարի 17-ին Հալեպում Ասադի ակադեմիայի շրջանում զինյալներն անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել կառավարական զորքերի դիրքերին, ինչի արդյունքում երկու սիրիացի զինվորական է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են:

Անցած մեկ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել է սիրիացի 12 և վիրավորվել` 24 զինվորական: Կառավարական ուժերի կողմից հսկվող տարածքներից բնակչության տարհանում տեղի չի ունեցել: