Եթե ապացուցվի, որ ադրբեջանցի երգիչը հրաժարվել է հայ օպերային երգչուհու հետ ելույթ ունենալ ազգության պատճառով, ապա «Օպերան» կլուծարվի և նրա ղեկավարը կենթարկվի խիստ պատասխանատվության. Պատասխան

03:39 • 18.01.20

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ղեկավար Աշոտ Գրիգորյանը ստացել է Semper Opera Ball օպերային պարահանդեսի գեղարվեստական ղեկավար Հանս Յոհախիմ Ֆրեյին ուղղված նամակի պատասխանը, որում նա անդրադարձել էր այս տարի Դրեզդենում հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության հետ կապված սկանդալին:

«Եթե պրն․ Գրիգորյանին հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի և վերջինիս հետ աշխատող գործակալության ղեկավար Ռենե Մասսիսի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա անկասկած՝ Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի և նրա ղեկավարը կենթարկվի խիստ պատասխանատվության, ինչին, անկասկած՝ հետամուտ կլինի ԵՀՄՖ-ն։»,- նշվում է Ֆորումի ֆեյսբուքյան մեկնաբանությունում:

ԵՀՄՖ-ն սոցիալական ցանցում հրապարակել է նաև Աշոտ Գրիգորյանի նամակին Հանս Յոհախիմ Ֆրեյի պատասխանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ:

Ֆրանսիական Agence Massis Opéra գործակալությունը հայտարարություն է տարածել սոպրանո Ռուզան Մանթաշյանի և ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հայ օպերային երգչուհու հետ աշխատող գործակալությունն ապացույցներ է ներկայացրել առ այն, որ 2020-ի փետրվարին 7-ին կայանալիք դրեզդենյան օպերային պարահանդեսին Semper Operaball-ի կազմակերպիչները հետաքրքրված են եղել երգչուհու ելույթով։

«2020 թվականի հունվարի 10-ին մենք ստացել ենք վերջին գրավոր հաղորդագրությունն այն մասին, որ Ռուզան Մանթաշյանի ելույթը չեղարկվում է, քանի որ պարոն Յուսիֆ Էյվազովը չի ցանկանում նրա հետ հանդես գալ Դրեզդենի պետական օպերայում` էթնիկ պատկանելիության պատճառով, ինչպես և նշել էինք առաջին հաղորդագրությունում»,- գրված է գործակալության հայտարարությունում:

Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյը հայտարարել էր, որ Դրեզդենի օպերան պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի հետ 2020 թվականի փետրվարի 7-ին Դրեզդենի պետական օպերայում ելույթի համար և նույնիսկ այս առումով վերջինիս հետ բանակցություններ չեն ընթացել:

Հայտնի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը, ևս հերքել էր տարածված տեղեկություններն առ այն, թե ինքը հրաժարվել է հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ հանդես գալ Դրեզդենի պետական օպերայում` էթնիկ պատկանելիության պատճառով: