Արքայազն Հարին մեկնաբանել է թագավորական լիազորությունները վայր դնելու իր և կնոջ որոշումը (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին թագավորական ընտանիքի ավագ անդամի լիազորությունները վայր դնելու մասին հայտարարությունից հետո խոսել է իր որոշման մասին և շնորհակալություն հայտնել հանրությանը 35 տարվա ընթացքում մշտապես իր կողքին լինելու համար, հայտնում է Daily Mail պարբերականը:
Արքայազն Հարին Չելսիում նախօրեին ներկա է գտնվել 2006 թվականին հիմնված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից տուժած երիտասարդների աջակցության Sentebale բարեգործական հիմնադրամի պաշտոնական ընթրիքին, որի ընթացքում նշել է, որ շատ երկար է մտածել նախքան այդ որոշումը կայացնելը:
Սասեքսի դուքսը նշել է, որ ի սկզբանե հույս է ունեցել առանց որևէ պետական ֆինանսավորման շարունակել թագուհուն, երկրին ու ռազմական միավորումներին ծառայելը, քանզի իր հարգանքը նրանց նկատմամբ երբեք չի վերանա:
Հավաստիացնելով, որ Մեծ Բրիտանիան միշտ կհամարի իր տունը` Հարին նշել է, որ իր կինը` Մեգանը, նույնպես կիսում է իր արժեքները և հարսանիքից հետո վերջինս ոգևորված է եղել թագավորական ընտանիքի մի մասը դառնալու համար և իր պարտականությունները լիարժեքորեն կատարելու հույս է ունեցել:
Արքայազնը շեշտել է, որ այդ որոշումն իրեն շատ է վշտացրել, սակայն ընդգծել է, որ այն իրեն հեշտ չի տրվել, և դրանից հետ կանգնելու տարբերակ չի ունեցել:
Ելույթում դուքսը նշել է, որ հանրությունը, մարդիկ իրեն ապրել են սովորեցրել, ուստի նա կշարունակի լինել այն Հարին, որին բոլորը գիտեն:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը` Մեգան Մարքլը, հունվարի 8-ին հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու մասին:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, այդ որոշումը կայացվել է Հարավային Աֆրիկա կատարած ամուսինների վերջին պաշտոնական այցի ընթացքում: Զույգը հոգնել է ԶԼՄ-ների ուշադրությունից և թագավորական պարտականություններից:














