Երևանի քաղաքապետարանի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն տեղափոխել են բուժհաստատություն. Ոստիկանություն
Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն տեղափոխել են Ոստիկանության կենտրոնի բաժին, այնուհետ՝ բուժհաստատություն: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերոնշյալ միջադեպին: Նա մասնավորապես նշել է, որ ինքնահրկիզման փորձ արած քաղաքացու հետ եղել են երեք երեխաներ:
«Ոստիկանության միջամտության շնորհիվ փորձը կանխվել է և նրանց հեռացրել են տարածքից:
ՀՀ ոստիկանությունից փորձել եմ պարզել քաղաքացու և երեխաների վիճակի մասին: Տեղեկացնեմ, որ քաղաքացուն տեղափոխել են բուժհաստատություն, իսկ երեխաներին վերցրել է նրանց մայրը»,- գրել է Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ քաղաքացին ինքնահրիկզման փորձը կատարել էր՝ իր վրա բենզին լցնելով: Տեղում աշխատող ոստիկանները նրան օգնություն էին ցուցաբերել, ապա տեղափոխել: Ինքնահրկիզման փորձի պահին տարածքում էին գտնվում նաև քաղաքացու երեխաները:










