ՔՈ կուսակցության համահիմնադիր Արթուր Ավագյանը պնդում է՝ Հանրապետական հիվանդանոցի այգու տարածում շինարարություն չի կատարում. մրցույթ են շահել, իսկ տարածքն ասֆալտապատ է եղել, որն այգու տարածքից դուրս է
«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության համահիմնադիր Արթուր Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է հրապարակումներին, թե Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում սրճարան է կառուցում և դրա համար նրան տրվել են արտոնություններ, բացի այդ նաև այն հրապարկումներին, թե շինարարություն է իրականացնում Հանրապետական հիվանդանոցի այգու տարածքում:
Արթուր Ավագյանը նշեց, որ սրճարանը 30 տարի գոյություն ունեցի, որն անցյալ տարի վերակառուցվել է: «90-ական թվականներից դա մարդկանց սեփականությունն է եղել, իմ հիմնադրած ընկերությունը՝ «Մարբին» ՍՊԸ-ն վարձակալել ու արդիականացման աշխատանքներ է տարել գոյություն ունեցող թե՛ տարածքի, թե՛ շենքի վրա: Այն միշտ գոյություն է ունեցել, նույնիսկ մինչև այգու կառուցումը: Ես հիմա ստացել եմ արդիականացման թույլտվություն, այլ ոչ թե շինթույլտվություն, որովհետև ո՛չ սահմաններն են փոխվել, ո՛չ արտաքին տեսքն է փոփոխվել: Գոյություն ունեցող տարածքի արտաքին ֆասադային հատվածներն են միայն փոխվել, շինթույլտվության կարիք չկար»,- տեղեկացրեց նա:
Նա հայտնեց, որ տարածքը վարձակալել է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արծրուն Խաչատրյանի որդուց՝ Արտակ Խաչատրյանից:
Ինչ վերաբերում է Հանրապետական հիվանդանոցի այգու խաղահրապարակի մասով, ապա այդ հողատարածքն աղբանոց էր, ասֆալտապատ էր և այգու տարածք չէր:
«Այգուց դուրս ասֆալտապատ, աղբանոցի վերածված տարածք էր, որը քաղաքի բալանսին էլ նստած չէր: Այդ տեխնիկական գործերն արել ենք, տարածքը նստել է քաղաքի բալնսին և քաղաքապետարանը խաղահրապարակների կազմակերպման մրցույթ է հայտարարել: Մրցույթին մասնակցեց նաև իմ հիմնադրած ընկերությունը և հաղթեց մրցույթը»,- ասաց նա:
Ավգյանը միևնույն ժամանակ նշեց, որ այնտեղ ոչ մի շինարարական աշխատանքներ չի կատարվում. «Հատակն է բերվում պատշաճ տեսքի, որի վրա էլ կոնստրուկցիա է հավաքվելու. ո՛չ ծածկ է արվելու, ո՛չ էլ շինարարական աշխատանքներ»,- ասաց նա:
Ավագյանի խոսքով՝ մրցույթը շահելուց հետո քաղաքապետարանի կողմից զուգարան կառուցելու ցուցում էլ է տրվել, որն իրենք չէին նախատեսել: «Ոչ տեղ կա, ոչ էլ կոյուղագիծ կա, ահռելի ծախս էլ դա է, մի հատ էլ հանրային զուգարան պետք է կառուցենք, որին այս պահին ես պատրաստ չէի, բայց պետք է միջոց հայթայթենք, կառուցենք»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է մրցույթին՝ նա ասաց, որ մրցույթը list.am-ով քաղաքապետարանի հայտարարությունների հանձնաժողովը մեկ ամիս թողել է, էլի են մասնակիցներ եղել ու մրցույթը հաղթել են իրենք: «Իմիջիայլոց պատմական բարձր գնով, երևի Երևանն այդպիսի գնով՝ 1 մլն 350 հազար դրամով, վարձակալության տարածք տված չունի: Մրցույթը նախնական հայտարարված էր 800 հազար դրամ, ընկերությունը շահել է 1 մլն 350 հազար դրամով այդ հողը, որի վրա 50 մլն ներդրումային փաթեթ է նախատեսված: Ի սկզբանե այնտեղ տնտեսական հետարքրքություն այդքան չկար, ինչքան գաղափարական մասն էր՝ ապակենտրոն ներդրումները, ներդրումային միջավայր: Բացի այդ, կողքի շենքը, որը 15 տարի կիսակառույց էր ու հանրային զուգարանի էր վերածված, այդ մասով էլ ենք միջնորդել, ներդրումներ ենք բերել, տեխնոլոգիական կենտրոն են սարքել: Մի խոսքով՝ մենք ահագին սոցիալական ծախսեր էլ ենք անում այգու ընդհանուր բարեկարգ վիճակի պահպանման, անվտանգության համար»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ նշեցիք, որ բարձր գնով է վարձակալության տրվել տարածքը, այդքան հնարավորություններ ունե՞ն, որ վարձակալել են, նա ասաց. «Ես առաջին տարին չէ, որ տնտեսական գործունեություն եմ ծավալում նաև այլ ոլորտներում, անձամբ ես կոմերցիոն անշարժ գույքերի զարգացման գործունեությամբ եմ զբաղվում արդեն 10 տարուց ավելի։ Ի դեպ, այս աշխատանքներում էլ նաև վարկային միջոցներ եմ ներգրավվել»:












