Կոլումբիայում կորոնավիրուսից վախեցած բանտարկյալները զանգվածային անկարգություններ են հրահրել՝ փորձելով փախչել. կա 23 զոհ

15:13 • 23.03.20

Կոլումբիայի բանտերից մեկում կորոնավիրուսի հետ կապված մտավախությունների պատճառով ծագած անկարգությունների հետևանքով 23 մարդ է զոհվել, ևս 83-ը վիրավորվել է, հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը, գրում է CNN-ը։

Արդարադատության նախարար Մարգարիտա Կաբելոն տեսաուղերձում հայտնել է, որ Բոգոտայի «Լա Մոդելո» բանտում տեղի է ունեցել «զանգվածային փախուստի փորձ»։ Նրա խոսքով՝ այս միջադեպը հանգեցրել է մահվան զանգվածային դեպքերի։

Արդարադատության նախարարը նաև հայտնել է, որ «ապստամբության նմանատիպ փորձեր են գրանցվել երկրի տարբեր քրեակատարողական հիմնարկներում»։

«Ոչ ոքի չի հաջողվել փախչել։ Չկա որևէ սանիտարական խնդիր, որը կարող էր նրանց դրդել այդպիսի ապստամբության»,- ասել է նա։

Կաբելոն նաև հայտնել է, որ բանտարկյալների կամ բանտի աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։

Ավելի վաղ Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հայտարարել էր, որ անվտանգության ուժերն ու բանտային իշխանությունները պարբերաբար արձագանքում են «երկրի տարբեր մասերում տեղի ունեցող անկարգություններին»։