«Փայտիկը խրում են քթի խոռոչի մեջ». Թրամփը և Մայք Փենսը հայտնել են, որ իրենց դուր չի եկել կորոնավիրուսի թեստ հանձնելու գործընթացը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը հայտնել են, որ իրենց դուր չի եկել նոր տեսակի կորոնավիրուսի թեստ հանձնելու գործընթացը, գրում է CNN-ը։
Հայտնի է, որ երկու քաղաքական գործիչների թեստի պատասխանները բացասական են եղել։
Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փենսին հարցրել են, թե ինչպիսին է եղել թեստ հանձնելու գործընթացը։
«Թեստը շատ արագ էր, բայց փայտիկը հրում են քթի խոռոչի մեջ, ինչն անհարմար է։ Հնարավոր է, որ սա լավ առիթ է, որպեսզի մեզ դիտող ամերիկացիներին կոչ անենք ախտանշաններ չունենալու դեպքում թեստ չհանձնել»- ասել է Փենսը։
Թրամփն իր հերթին կատակել է, որ Փենսի կինը՝ Կարեն Փենսը, ավելի լավ է նկարագրել թեստի հանձնման գործընթացը, քան փոխնախագահը, ինչը Փենսը հաստատել է:
«Ես նույնպես լավ չտարա, բայց մի՛ անհանգստացեք այդ մասին»,- ասել է Թրամփը:
Նշենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի արդեն ավելի քան 32 հազար հաստատված դեպք է գրանցվել, ավելի քան 400 մարդ մահացել է:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:










