Իտալիան Պենտագոնից ռազմական աջակցություն է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարում. CNN
Իտալիայի կառավարությունը դիմել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերին՝ խնդրելով ռազմական օգնություն ցուցաբերել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին։
Մասնավորապես, Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին Էսպերից բժշկական դիմակներ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր է խնդրել: Իտալիայի իշխանությունները նաև հույս են հայտնել, որ կարող են ապավինել Իտալիայում գտնվող ամերիկացի ռազմական բժիշկների օգնությանը։
CNN-ն ընդգծում է, որ Գուերինին դիմել է ԱՄՆ-ին՝ վարակաբաններով և բժշկական սարքավորումներով մի քանի ռուսական ռազմական ինքնաթիռներ Իտալիա ուղարկելուց հետո:
Իտալիայում գրանցվել է հիվանդության գրեթե 60 000 հաստատված դեպք և ավելի քան 5000 մահ։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:










