ԱՄՆ Սենատում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Ամերիկյան Սենատում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել. այն գրանցվել է հանրապետական սենատոր Ռենդ Փոլի մոտ։ Այդ մասին տեղեկացրել է քաղաքական գործչի թվիթերյան էջը։
Գրառման մեջ նշվում է, որ սենատորն իրեն լավ է զգում և գտնվում է կարանտինում։
«Նրա հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում, նա ստուգվել է նախազգուշական նկատառումներով, քանի որ մեծ թվով ճանապարհորդություններ է կատարել և մասնակցել տարբեր միջոցառումների։ Նրան հայտնի չէր վարակված անձի հետ անմիջական շփման մասին»,- ասվում է գրառման մեջ։
«Իմ ընկեր Ռենդ Փոլի (նա միշտ կողքիս է անհրաժեշտ պահերին) թեստը դրական պատասխան է ցույց տվել... Դա ամենևին լավ չէ։ Նա ուժեղ մարդ է ու շատ շուտ ոտքի կկանգնի»,- Twitter-ում, իր հերթին, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
CNN-ի տվյալներով՝ երկու շաբաթ առաջ քաղաքական գործիչը ներկա է եղել Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում կայացած միջոցառմանը, որի ներկաներից մի քանիսի մոտ հետագայում կորոնավիրուս է հայտնաբերվել։ Ըստ հաղորդման՝ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև քաղաքապետի կնոջ մոտ։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:










