Այսպես, թե այնպես, ոչինչ չփոխվեց, մեր պահանջը մասամբ կատարվեց․ անասնաբույծը՝ սպանդանոցներում մորթ իրականացնելու մասին
Անասնաբույծները շարունակում են իրականացնել անասունների սպանդը, սակայն որոշ մարդիկ 5-րդ ձևով են աշխատում (մորթն իրականացնում են սպանդանոցներում), որոշները՝ 2-րդ (մորթը սպանդանոցներում չեն անում)։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսվարող, անասնաբույծ Գարիկ Գևորգյանը։
«Օրինակ՝ հիմա մեր գյուղում՝ Դալարիկում, սպանդանոց են կառուցում, որը կսպասարկի հարակից 2-3 գյուղի՝ օրական իրականացնելով 40-45 սպանդ։ Մնացած տեղերում չգիտեմ՝ ինչ է կատարվում։ Բացի այդ, կորոնավիրուսի պատճառով գործը կանգնել է, մարդիկ տնից դուրս չեն գալիս։ Վաճառքն ահավոր նստել է, 10 տոկոս վաճառք ունենք մսի շուկայում»,- ասաց տնտեսվարողը։
Նրա խոսքով՝ անասնաբույծներից ընդամենը 5 տոկոսն է մորթն իրականացնում է տներում, մնացածը անասունին տանում են սպանդանոց, քանի որ մեծ խանութները և ռեստորանները 5-րդ ձևով են միսն ընդունում։
«Էսպես, թե էնպես, ոչինչ չփոխվեց։ Վարչապետի ելույթը հիշում եք, որ ասաց այս հարցը չի քննարկվելու, հուլիսի 1-ից բոլորը սպանդն իրականացնելու են սպանդանոցում, իսկ մինչև այդ սուպերմարկետներն ու ռեստորանները միսն ընդունելու են 5-րդ ձևով, մնացած փոքր խանութերը՝ 2-րդ ձևով, բայց ամբողջ քաղաքում մեծ խանութներից են գնումներ կատարում, 5 տոկոս տեղ են թողել աշխատելու, ոչ մի բան էլ չի փոխվել։ Վերջն իրենց ասածը եղավ։ Իսկ հիմա էս խուճապի համար գործերը վատ են։ Եթե էսպես շարունակվի, մի շաբաթ հետո ամեն ինչ կփակեն, կմնա հացը, միրգը, մեկ էլ մի քիչ կաթնամթերքի վաճառք կլինի»,- ասաց տնտեսվարողը։
Գարիկ Գևորգյանի խոսքով՝ մսի վաճառքը զգալիորեն պակասել է, քանի որ մարդիկ իրենց օրավարձով առաջին անհրաժեշտության ապրանքներն են գնում, իսկ միսը, քանի որ թանկ է, առաջինը դրանից են հրաժարվում։ Նա նաև ասաց, որ հուլիսի մեկից ինքն էլ է սպանդն իրականացնելու սպանդանոցում ու անցնելու է 5-րդ ձևին։
«Մեր ակցիայի իմաստն այն էր, որ ժամանակ էինք ուզում սպանդանոցները սարքելու համար։ Պահանջը մասամբ կատարվեց, մանր տնտեսվարողին 5 տոկոս տեղ թողեցին աշխատելու։ Ես հիմա միսը հանձնում եմ միայն փոքր խանութներին, քանի որ սուպերմարկետները միայն 5-րդ ձևով են ընդունում»,- սաաց Գարիկ Գևորգյանը։
Հիշեցնենք, սույն թվականի հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, համաձայն որի՝ ՀՀ ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։
Իսկ բողոքող ֆերմերները հայտարարում էին, թե սպանդանոցները մորթի դիմաց չափազանց մեծ գին են պահանջում և բացի այդ, շատ գյուղերում սպանդանոցը չկա, և անասուն մորթելու համար ֆերմերը ստիպված է լինում տասնյակ կիլոմետրեր անցնել։










