Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ BBC

10:38 • 23.03.20

Սեռական բռնությունների ու բռնաբարությունների համար դատապարտված հոլիվուդյան նախկին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը բանտում գտնվելու ժամանակ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական պատասխան է ցույց տվել, գրում է BBC-ն։

Նյու Յորքի նահանգի ուղղիչ հաստատությունների աշխատակիցների բարեգործական ասոցիացիայի նախագահ Մայքլ Փաուերսը հայտնել է, որ այժմ նա մեկուսացման մեջ է:

Ըստ հաղորդման՝ Վայնշտեյնը գտնվում է Նյու Յորքի Վենդե ուղղիչ հաստատությունում: Այս հաստատությունում երկու բանտարկյալների կորոնավիրուսի թեստերը դրական պատասխան են ցույց տվել։

Փաուերսը Reuters գործակալությանը հայտնել է, որ մի քանի աշխատակիցներ կարանտին են տեղափոխվել: Նա նաև մտահոգություն է հայտնել ուղղիչ հիմնարկների աշխատակիցների վերաբերյալ, որոնք, ինչպես պնդում է նա, պատշաճ պաշտպանական հանդերձանք չունեն։

Վայնշտեյնի փաստաբանն ասել է, որ նրա փաստաբանական թիմը չի տեղեկացվել Վայնշտեյնի մոտ կորոնավիրուսի ախտորոշման մասին:

«Հաշվի առնելով պարոն Վայնշտեյնի առողջական վիճակը` մենք, իհարկե, մտահոգված ենք, որ այդ տեղեկությունը կարող է ճիշտ լինել, և մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- հայտնել է փաստաբանը։

Հարվի Վայնշտեյնն ամերիկացի կինոպրոդյուսեր էր, Miramax Films ընկերության կառավարման և համահիմնադիրների նախկին անդամ, ինչպես նաև The Weinstein Company ընկերության համահիմնադիրը: «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր է «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի համար։ Հանդիսացել է Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկը։

Նա ձերբակալվել էր 2018 թվականին՝ Նյու Յորքի ոստիկանական բաժանմունք ինքնակամ ներկայանալուց հետո: Ընդհանուր առմամբ, 2017 թվականի հոկտեմբերից ի վեր ավելի քան 70 կին նրան մեղադրել է սեռական բռնությունների ու բռնաբարությունների համար։

Ավելի վաղ դատարանը Վայնշտեյնին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի հինգ կետերից երկուսով՝ բռնաբարության և սեռական ոտնձգությունների մասով: Նա դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման։