Երևանի «Շտապ օգնություն» ծառայության կանչերի թիվը մարտին նվազել է (տեսանյութ)

21:02 • 23.03.20

Երևանի «Շտապ օգնություն» ծառայության կանչերը մարտ ամսին հունվար և փետրվար ամիսների համեմատ նվազել են:  Այսօր Կառավարությունում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Ըստ Ստեփանյանի՝ եթե հունվար, փետրվար ամիսներին ծառայությունը սպասարկել է օրվա ընթացքում 900-950 կանչ, ապա այժմ սպասարկում են 700-750 կանչ:

«Կանչերը հիմնականում կապված են սիրտանոթային, սուր շնչառական հիվանդությունների, վնասվածքների հետ: Տարվա սկզբին մենք սուր շնչառականների հետ կապված օրվա ընթացքում սպասարկում էինք 150-220 կանչ, այսօր այդ թիվը տատանվում է 100-140-ի միջակայքում»,-ասաց: Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Շտապ օգնություն» ծառայության ծանրաբեռնվածության առումով բանախոսը նշեց, որ ծառայության ծանրաբեռնվածությունը շուրջօրյա է։