Պոլսո Հայոց պատրիարքարանն առցանց պատարագ է անցկացրել (տեսանյութ)
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում անցկացվող միջոցառումներին է միացել նաև Պոլսո Հայոց պատրիարքարանը:
Միջոցառումների շրջանակում մարտի 22-ին պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի անցկացրած կիրակնօրյա առցանց պատարագը հեռարձակվել է պատրիարքության Facebook-ի պաշտոնական էջում: Այս քայլի նպատակն է եղել հավատացյալներին հեռակա կարգով պատարագին մասնակից դարձնելը:
«Ելնելով ստեղծված իրավիճակից` մենք պետք է ինչ-որ բան անեինք, և ընտրեցինք այսօրվա տեխնոլոգիաները, ու սոցիալական մեդիայի միջոցով կապ հաստատեցինք ձեզ հետ: Մեր միջոցառումներին և քարոզներին կարող եք հետևել տնից: Դուք չեք կարող եկեղեցի գալ, և մենք որոշել ենք եկեղեցին բերել ձեր տուն»,- համայնքին ուղղված իր խոսքում ասել է Պոլսո Հայոց պատրիարքը:
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1236-ի, մահացել է 30 մարդ:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:










