Daily Mail-ը ցույց է տվել՝ ինչպես է կորոնավիրուսը «դատարկել» ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանը (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 30 օրով փակել է Մեքսիկայի հետ հարավային սահմանը: Այս հայտարարությունից քսանչորս ժամ անց երբեմնի մարդաշատ սահմանը գրեթե ամայացել է:
Համապատասխան լուսանկարները հրապարակել է Daily Mail պարբերականը՝ առաջ/հետո ձևաչափով ցույց տալով նախագահի որոշման արդյունքը:
Լուսանկարների մի մասում երևում են սահմանային անցակետում մեքենաների ահռելի կուտակումներ, մինչդեռ Թրամփի որոշումից հետո սահմանին կարելի է հաշված փոխադրամիջոցներ գտնել:
Հայտնի է, որ ավելի վաղ Թրամփը փակել էր նաև Կանադայի հետ հյուսիսային սահմանը:
«Այս քայլն անհրաժեշտ է մեր սահմանային աշխատողների, ներգաղթյալների և, առհասարակ, հանրության շրջանում վարակի տարածումը կանխելու համար»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Հայտնի է, որ Միացյալ Նահանգներում ավելի քան 25 000 մարդ ախտահարվել է կորոնավիրուսով, մինչդեռ զոհերի թիվը գերազանցել է 300-ը:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:


















