Վրաստանում 70-ն անց թոշակառուներին բժշկական դիմակներ կբաժանեն

11:04 • 23.03.20

Վրաստանում մարտի 23-ից կսկսեն բժշկական դիմակներ բաժանել 70-ն անց բոլոր թոշակառուներին: Այս մասին տեղեկացնում է imedinews.ge կայքը` հղում անելով երկրի տնտեսության և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային:

Նախարարը նշել է, որ նոր կորոնավիրուսի համավարակի ֆոնին աշխարհում բժշկական դիմակների անբավարարությունը համաշխարհային խնդիր է դարձել: Թուրնավայի խոսքով` Վրաստանում մի քանի օրվա ընթացքում հաջողվել է զրոյից դիմակների արտադրություն սկսել:

«Ռեկորդային ժամանակահատվածում, շատ արագ, մենք կարողացանք դիմակների արտադրություն սկսել, մի բան, որը մինչ այս ոչ ոքի պետք չէր: Դիմակների արտադրությանը միացել են շատ կարի գործարաններ, և երբ կարգավորվի հումքի փոխանցումը, մենք արդեն զանգվածային արտադրություն կսկսենք»,- հայտարարել է Թուրնավան:

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է նաև, որ բացի տարեց մարդկանցից, շատ կարճ ժամանակահատվածում դիմակներով կապահովվեն նաև լրագրողներն ու այն մարդիկ, «որոնք կանգնած են առաջին գծում»:

«Առաջնահերթությունը տրվում է 70-ն անց միայնակ թոշակառուներին: Երկուշաբթի մենք կսկսենք նրանց դիմակներ բաժանել»,-ասել է նախարարը:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: