Մերկելը կորոնավիրուսի թեստ է հանձնել. կառավարության ներկայացուցիչը հայտնել է տնային կարանտինի մեջ գտնվող կանցլերի ինքնազգացողության մասին

18:24 • 23.03.20

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը երեկվանից տնային կարանտինի մեջ է գտնվում, իրեն լավ է զգում, շարունակում է աշխատել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը:

«Կանցլերն իրեն լավ է զգում, այսօր նա հեռախոսով միացել է և անցկացրել կառավարության նիստը, իր աշխատանքը նա տանից է կատարում»,- ասել է Զայբերտը:

Զայբերտը հավելել է, որ կանցլերը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխաններն ավելի ուշ հայտնի կլինեն:

Հիշեցնենք, որ Մերկելն ինքնամեկուսացման որոշում է կայացրել նախօրեին, երբ պարզվել է, որ բժիշկը, ում հետ նա շփվել էր ավելի վաղ, վարակվել է կորոնավիրուսով: