22 լրատվամիջոցի հորդորել ենք հեռացնել պարետի ցուցումներին հակասող տեղեկատվությունը. փոխոստիկանապետ (տեսանյութ)
Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը, պատասխանելով լրագրողների հարցին, հայտնեց, որ ունեն ոստիկաններ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել, բայց հաստատված դեպքեր չկան:
«Մի ոստիկան ընտանիքով Ծաղկաձորում պարզապես հսկողության տակ է»,-ասաց նաև նշեց, որ ոստիկանության ինքնամեկուսացված ծառայողներ ևս կան, բայց շատ չեն:
Անդրադառնալով լրատվամիջոցներին նյութեր հեռացնելու և խմբագրելու պահանջ ներկայացնելուն՝ Հայկ Մհերյանն ասաց.«22 լրատվամիջոցի հետ մեր ստորաբաժանումները աշխատել են, հորդորել են պարետի ցուցումներին հակասող և պաշտոնականին չհամապտասխանող տեղեկատվությունները հեռացվեն»: Նա նշեց, որ վարչական տուգանք դեռ ոչ մեկի նկատմամբ չի կիրառվել:
Ինչ վերբերում է հարցին, թե որն է խուճապ պարունակող տեղեկատվությունը և ինչպես է դա որոշվում, նա ասաց.«Մենք ունենք համապատասխան մասնագետներ, ովքեր այդ տեղեկատվությունը մանրակրկիտ ուսումնասիրում են և խուճապ պարունակող տեղեկատվություն պարունակելու դեպքում անմիջապես արձագանքում են՝ հենվելով պարետի ցուցումի վրա»,- ասաց նա:
Փոխոստիկանապետը հայտնեց, որ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու օրը 2-4 դեպք է լինում: «Առողջապահության մարմինների կողմից հասցեով մեզ անմիջապես տեղկատվություն է գալիս և այդ խախտումների 70-80 տոկոսը հեռախոսով կարգավորվում է, այսինքն՝ քաղաքացին անմիջապես ընկալում է մեր հորդորն ու խնդրանքը»,- ասաց նա և նշեց, որ անհրաժեշտության դեպքում նաև այցեր են անում: Նա նշեց, որ օրենքով նոր փոփոխությամբ արդեն կիրականացնեն իրենց գործողությունները:
Փոխոստիկանապետը նշեց, որ ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար հատուկ խմբեր ձևավորելու անհրաժեշտություն չկա: «Անկախ այս իրավիճակից, տրանսպորտային միջոցները պետք է նստատեղերի պահանջը կատարեն, ամսի 20-ին ուժեղացված ծառայություն է սկվել և 73 արձանագրություն ենք կազմել ավել նստատեղով երթևեկություն կազմակերպելու համար»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե արդյոք Ոստիկանության զորքերը ներգրավված են արտակարգ դրության շրջանակներում իրականացվող գործողություններին, փոխոստիկանապետը դրական պատասխան տվեց: «Ոստիկանության զորքերը ներգրավված են, շատ բարձր մակարդակի իրականացնում են իրենց ծառայությունը, ստորաբաաժանումները համապատասխան միջոցներով հագեցված են, միջոցների քանակը չեմ կարող ասել»,- ասաց նա:
Հայկ Մհերյանը հայտնեց, որ ոստիկանների համար պահանջ կա դիմակներ, ձեռնոցներ կրելու, ախտահանող նյութեր ունենալու և սահմանված կարգով ըստ անհրաժեշտության և քանակի տրամադրվում են: «Ախտահանումը ոչ միայն ոստիկանության մեքենաների այլև օրենքով սահմանված կարգով պահանջված բոլոր վայրերում իրականացվում է, իսկ կարգը և ձևը մասնագետների միջոցով որոշվել է»,- ասաց նա:










