Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների հետ շփված անձանց կգտնեն բջջային հեռախոսների տեղորոշման միջոցով

15:26 • 23.03.20

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՌԴ կապի նախարարությանը հանձնարարել է մինչև մարտի 27-ը կորոնավիրուսով հիվանդների հետ շփված անձանց հետևելու համակարգ մշակել: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Համակարգը հիմնված կլինի բջջային օպերատորների տվյալներով հստակեցված կոնկրետ անձանց հեռախոսների տեղորոշման վրա:

Միշուստինը կարգադրել է այդ քաղաքացիներին տեղեկատվություն ուղարկել այն մասին, որ նրանք շփվել են կորոնավիրուսով հիվանդ մարդու հետ, ինչպես նաև այդ տեղեկատվությունը փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանային օպերատիվ շտաբեր:

Ռուսաստանում մարտի 23-ի դրությամբ վարակվածների պաշտոնական թիվը 438-ն է, այս դեպքերից 262-ը գրանցվել են Մոսկվայում:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: