ՄԱԿ-ում հնարավոր է կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամ ստեղծվի

14:01 • 23.03.20

Մարտի 23-ին Նորվեգիայի կառավարությունը հանդես է եկել ՄԱԿ-ի հովանու ներքո կորոնավիրուսի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը:

Այն կարող է ստեղծվել մեկ այլ հիմնադրամի օրինակով, որը ստեղծվել էր 2014 թվականին Էբոլայի դեմ պայքարելու համար:

«ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային հիմնադրամը կարող է կայունություն ապահովել մեր գործընկերների համար և կօգնի բոլոր երկրների ջանքերն առավել արդյունավետ դարձնել»,- ասված է Նորվեգիայի արտգործնախարար Ինե Էրիկսեն Սորեյդեի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Նորվեգիայում անհանգստացած են, որ վիրուսը կարող է ազդել թույլ առողջապահական համակարգ ունեցող զարգացող երկրների վրա:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: