ԱՄՆ-ում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ոչ ծանր հանցանք գործած բանտարկյալներին ազատ են արձակում. The Wall Street Journal
ԱՄՆ-ում տեղական իշխանությունները հազարավոր բանտարկյալների են ազատ արձակում ամերիկյան բանտերում կորոնավիրուսի բռնկումը կանխելու նպատակով, գրում է The Wall Street Journal-ը։
Կալիֆոռնիայի, Նյու Յորքի, Տեխասի և ևս առնվազն տասը նահանգի բանտերն ազատ են արձակում ոչ ծանր հանցանքներ գործած, ինչպես նաև ծեր և հիվանդ ազատազրկվածներին։
«Մենք դռները չենք բացում և թույլատրում բանտարկյալներին հեռանալ։ Մենք անվտանգ հանցագործների ենք փնտրում, որոնք ոչ ծանր հանցագործություններ են գործել, և հաշվի ենք առնում բանտում առողջության համար բարձր ռիսկայնության դեպքերը»,- հայտարարել է Օհայո նահանգի Կայահոգա շրջանի դատարանի վարչական հարցերով դատավորը։
ԱՄՆ մի շարք բանտերի աշխատակիցներ արգելում են այցելությունները բանտարկյալներին, ինչպես նաև սահմանափակում են նրանց և աշխատակիցների տեղաշարժը։
Հայտնի է, որ Փենսիլվանիայի, Միչիգանի, Նյու Յորքի, Վաշինգտոնի և Կոլումբիայի շրջանի բանտերի աշխատակիցների՝ կորոնավիրուսով վարակման դեպքերից հետո բանտարկյալների համար կարանտին է սահմանվել։ Նյու Յորք նահանգում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 30 բանտարկյալ, սակայն դեռևս վարակի առավել խոշոր բռնկումների մասին տեղեկություններ չկան։
Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 31 000-ի, որից 390-ը՝ մահվան ելքով։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:










