ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցման աշխատանքները, չնայած կորոնավիրուսի համավարակին, շարունակվում են. The Guardian
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեծ թափով շարունակում է երկրի հարավային սահմանին միլիարդավոր դոլարներ արժողությամբ սահմանային պատի կառուցումը՝ չնայած երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմանը, գրում է The Guardian պարբերականը։
Ավելի վաղ երկրի սահմանապահ և մաքսային ծառայությունը հայտարարել էր Արիզոնայում, Նյու Մեքսիկոյում և Կալիֆոռնիայում ավելի քան 240 կիլոմետր երկարությամբ պատի կառուցման ծրագրերի մասին․ այս աշխատանքները կատարվում են ի լրումն այդ նահանգներում և Տեխասում 15 այլ հարթակներում ընթացող շինարարական աշխատանքների։
Հայտնի է, որ այդ հայտարարությունն արվել է Դոնալդ Թրամփի՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո․ այն բազում քննադատությունների է արժանացել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հաղթահարման տեսանկյունից, քանի որ այդ իրավիճակից դուրս գալու համար ամենայն հավանականությամբ երկիրը միլիարդավոր դոլարներ պետք է ներդնի։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:










