ՀՀ-ից դեպի ԻԻՀ սննդամթերք չի արտահանվել, իսկ ԵԱՏՄ և այլ երկրներ արտահանում իրականացվել է, բայց դեպք չի գրանցվել, որ սննդամթերք կամ այլ տեսակի արտադրանքներ վարակված լինեն․ էկոնոմիկայի փոխնախարար
Այսօր ուժի մեջ կմտնի պարետի որոշումը, համաձայն որի՝ կարգելվեն ՀՀ ամբողջ տարածքում տնտեսական առևտրի իրականացման վայրերում տնտեսական գործունեության որոշ տեսակներ՝ բացառությամբ ներկայացված վայրերում պարենային ապրանքների վաճառքով զբաղվող օբյեկտների՝ դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկայի։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմկիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
Փոխնախարարի խոսքով՝ սահմանափակումներ կգործեն ՀՀ ամբողջ տարածքում գործող բարերի, խմիչքների, մատուցման համանման կետերի գործունեության հետ կապված, կինոների, տեսաֆիլմերի ցուցադրման ակումբների նկատմամբ, շահումով խաղերի կազմակերպման գործունեության հետ կապված, ինչպես նաև սպոտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում։
«Սահմանափակումները կտարածվեն անհատական այլ ծառայությունների տնտեսական գործունեության վրա՝ բացառությամբ թաղումների կազմակերպման և համանման ծառայությունների»,- ասաց փոխնախարարը։
Նա ասաց, որ սահմանափակումները կգործեն ՀՀ ամբողջ տարածքում, իսկ սահմանափակումների ցանկը կարող է ընդլայնվել: Ինչ վերաբերում է ժամկետներին, Սիմոնյանն ասաց, որ սահմանափակումները կգործեն մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, բայց չի բացառվում, որ ավելի շուտ կդադարեցվեն՝ կախված ՀՀ-ում տիրող իրավիճակից:
Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումներին, փոխնախարարն ասաց, որ պարետի կողմից կա սահմանված ցանկ, այն ապրանքների նկատմամբ, որոնց արտահանում, փոխադրումը ՀՀ կամ ԻԻՀ իրականացվում է բժշկական նշանակություն ունեցող սարք-սարքավորումներ, դեղամիջոցներ, իրականացվում է Առողջապահության նախարարության համաձայնությամբ։
«Ապրանքների ցանկն այս պահին սահմանափակ է։ Ապրանքների ցանկը պարբերաբար վերանայվում է։ Կապ կա նաև տնտեսվարողների հետ և հնարավոր է, որ այս շաբաթվա ընթացքում նույնպես ցանկում ավելացումներ տեղի ունենան»,- ասաց փոխնախարարը։
Անդրադառնալով Վրաստանի հետ գործող բեռնափոխադրումների ռեժիմին, Սիմոնյանն ասաց, որ բեռնափոխադրումների սահմանափակումների ոչ մի տեսակի ցանկ սահմանված չէ։
«Բեռնափոխադրումներն իրականացվում են գործող ռեժիմի համաձայն, սակայն Վրաստանի կառավարության կողմից որոշակի խստացումներ կան։ Գործում է հատուկ կարգ, այսինքն՝ Վրաստան ներմուծման դեպքում վարորդը եթե գալիս է համաճարակի երկրներից, բարձր ռիսկային գոտուց, չի թույլատրվում, որ նա մտնի Վրաստանի տարածք, և վարորդին փոխարինում են։ Միևնույն ժամանակ գործում է հատուկ կարգ, հնարավոր է՝ փոխարինեն նաև քարշակը կամ մեքենան։ Ինչ վերաբերում է տարանցիկ փոխադրումներին Վրաստանի տարածքով, հարկ եմ համարում նշել, որ տարանցիկ փոխադրումը մի անցակետից մյուս անցակետ իրականացվում է հսկողության ներքո»,- ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ մարտի 16-ին ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ հաստատվեց համապատասխան որոշում, համաձայն որի՝ մի շարք ապրանքատեսակների համար, որոնք ունեն բժշկական նշանակություն, կներմուծվեն ԵԱՏՄ տարածք 0-ական մաքսատուրքով։
Նրա խոսքով՝ այս ընթացակարգը կգործի մինչև սեպտեմբերի 30-ը և հնարավոր է, որ անհրաժեշտությունից ելնելով, այն երկարացվի, և այս որոշումը ուժի մեջ կմտնի 10 օրվա ընթացքում։ Անդրադառնալով սահմանում իրականացվող հսկողություններին՝ փոխնախարան ասաց․
«Հայաստանից դեպի ԻԻՀ սննդամթերք չի արտահանվել, իսկ ԵԱՏՄ և այլ երկրներ արտահանում իրականացվել է, բայց դեպք չի գրանցվել, որ սննդամթերք կամ այլ տեսակի արտադրանքներ վարակված լինեն։ Իրականացվում են ընթացակարգով գործող բոլոր ստուգումները»։
Մանրամասները՝ տեսանյութում










