Արցախում կան մեկուսված քաղաքացիներ, առաջնային մեկուսացման բուժհաստատությունը Շուշիում է

17:51 • 24.03.20

Tert.am-ի հետ զրույցում Արցախի տեղեկատվական շտաբի ղեկավար Տիգրան Աբրահամյանը տեղեկացրեց, որ չնայած նրան, որ Արցախում կորնավիրուսի դեպք չի գրանցվել, բայց կան մեկուսացվածներ:

- Պարոն Աբրահամյան, Արցախի Հանրապետությունում այս պահին կորոնավիրուսի դեպք չի գրանցվել, բայց կան մեկուսացվածներ: Մանրամասներ կներկայացնեք՝ քանի մեկուսցված քաղաքացի կա և մեկուսացման պատճառները  հիմնականում որոնք են:

- Համապատասխան ախտանիշներ ունեցող մեր քաղաքացիները նախնական զննությունից հետո, ըստ անհրաժեշտության թեստավորման գործընթաց են անցնում, որի ողջ ընթացքում նրանք և նրա հետ կոնտակտի մեջ գտնվող քաղաքացիները գտնվում են մեկուսացման պրոցեսում: Անհրաժեշտության դեպքում, 14 օրյա մեկուսացում են անցնում նաև տարբեր ռիսկային երկրներից Արցախ եկող մեր հայրենակիցները՝ բուժհասատություններում կամ իրենց բնակարաններում, սակայն գտնվող խիստ վերահսկողության տակ: Այս պահին թիվ դեռ չեմ կարող ներկայացնել:

- Մեկուսարանները հիմնականում որտեղ են  տեղկայված:

- Արցախի տարբեր հատվածներում մեկուսացման համար անհրաժեշտ շենք-շինություններ են առանձնացված, որոնք կահավորված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Բացի նախապես հաստատված մեկուսարաններից, նաև ունենք ռեզերվային տարածքներ: Առաջնային մեկուսացման բուժհաստատությունը Շուշիում է, սակայն մեկուսացման համար նախատեսված են բոլոր շրջաններում: