Մասկի ընկերությունը Կալիֆոռնիայի հիվանդանոցներին թոքերի արհեստական օդափոխության 1000 սարք է նվիրաբերել
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգն ամերիկացի միլիարդատեր գործարար Իլոն Մասկի Tesla ընկերությունից ստացել է թոքերի արհեստական օդափոխության հազար սարք, գրում է Bloomberg գործակալությունը։
Ավելի վաղ Մասկը Twitter-ում հայտնել էր, որ կօգնի ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության ավելի քան 1,2 հազար սարք:
«Մի քանի օր առաջ ինձ տեղեկացրել էին, որ Իլոն Մասկը, հնարավոր է, այս շաբաթ թոքերի արհեստական օդափոխության սարքեր տրամադրի։ Դրանք արդեն Լոս Անջելեսում են, և Իլոն Մասկն արդեն համագործակցում է հիվանդանոցների ասոցիացիայի հետ դրանք բաշխելու համար»,- հայտարարել է Նյուսոմը մամուլի ասուլիսի ժամանակ:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381 649-ը, ավելի քան 16 558 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 429-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:










