Վաշինգտոնի նահանգապետը հայտարարել է նահանգում «Մնացե՛ք տանը, մնացե՛ք առողջ» ռեժիմի սահմանման մասին

10:23 • 24.03.20

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին երեքշաբթի հայտարարել է «Մնացե՛ք տանը, մնացե՛ք առողջ» ռեժիմի սահմանման մասին, ինչը նշանակում է փողոց դուրս գալու և կազմակերպությունների աշխատանքի սահմանափակումներ, գրում է  NBC news-ը։

«Վաշինգտոն նահանգի բնակիչներին COVID-19-ից պաշտպանելու համար ես արձակում եմ «Մնացե՛ք տանը, մնացե՛ք առողջ» հրամանագիրը։ Այս պահից սկսած բոլոր բնակիչները պետք է տանը մնան և դուրս գան միայն անհրաժեշտության դեպքում, այդ թվում՝ մթերք գնելու, բժշկի այցելության, աշխատանքի համար անհրաժեշտ պարտականություններ կատարելու», - գրել է նա Twitter-ում:

Հաղորդվում է, որ 48 ժամվա ընթացքում բոլոր կազմակերպություններն ու խանութները, որոնց աշխատանքը անհրաժեշտ չէ, պետք է փակվեն։ Աշխատելու են մթերային խանութները, դեղատները, բանկերը և քաղաքացիների կյանքի համար անհրաժեշտ այլ կազմակերպություններ։

Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով՝ ներկայում ԱՄՆ-ում վարակվել է ավելի քան 43,9 հազար մարդ, մահացել է 552-ը։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381,649-ը, ավելի քան 16,558 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102,429-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: