Հորդորում և խնդրում ենք, որ խուճապահար որևէ գնում չկատարեք, որովհետև նման անհրաժեշտությունը չկա. ՏՄՊՊՀ նախագահ

18:15 • 24.03.20

Բեռնափոխադրումների հետ կապված որևէ խնդիր չունենք, հորդորում և խնդրում ենք, որ խուճապահար որևէ գնում չկատարեք, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա: Այս մասին ՀՀ կառավարության միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ընթացքում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նրա խոսքով,  գնումների պիկը եղել է սկզբնական մի քանի օրերին, իսկ այս պահին գնումներն անկում են ապրում: Պաշտոնյան ասաց, որ կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո, մի քանի անգամ ավելացել է ալկոգելի արտադրությունը, և դիտարկմանը արդյո՞ք չկա վտանգ, որ պահանջարկի ու վաճառքի ծավալները մեծանալուն զուգահեռ, կընկնի ալկոգելի որակը, և պատկան մարմիններն արդյո՞ք հետևում են ախտահանող միջոցի որակին՝ Գևորգյանը պատասխանեց.

«Իմ սուբյեկտիվ կարծիքով երբեք առաջարկի ու պահանջարկի մեծացման առումով չպետք է որակը տուժի, հակառակը` այս պահին կա արտահանման լրջագույն պոտենցիալ և մի քանի անգամ ասել եմ, որ մեր հարևան երկրներին վաճառում ենք բժշկական սպիրտ: Ինչ վերաբերում է որակի վերահսկողությանը՝ մեր մարմինը կապ չունի դրա հետ, բայց տեսչական մարմիններն այսօր հայտնեցին, որ կա հստակ հսկողության մեխանիզմ և այդ հարցով կզբաղվեն: Եթե որոշ մարդիկ փորձեն օգտվել ստեղծված իրավիճակից և սպրիտի փոխարեն օգտագործեն ենթադրենք ջուր, բնականաբար շատ խիստ կպատժվեն և դա հստակ դրված է»:

Դիտարկմանը, թե հնարավոր է, որ արտադրողները հակամրցայցային համաձայնություն ունենան ակոգելի շուկայական գնի շուրջ՝ ՏՄՊՊՀ նախագահը ասաց, որ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահին գործնականում նման խնդիր չկա:

«Այս պահին իմ ձեռքի տակ կա 10 ընկերության անուն որոնք ալկոգել են արտադրում, ես, իհարկե բոլորի շուկայական գները չեմ կարող ասել: Գրեթե բոլորի գինը նույն է, մի քանի տասնյակ դրամի տարբերությամբ: Ալկոգելի պահանջարկ միշտ եղել է և գինը չի թանկացել: Այն ժամանակ էլ, հիմա էլ նույն գինն է: Մենք հույս ունենք, որ ծավալների մեծացման հետ կապված գինը պետք է իջնի»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Նրա խոսքով, բժշկական դիմակի համաշխարհային գինը կտրուկ բարձրացել է, և քանի որ Հայաստանը դիմակ չէր արտադրում ձեռք բերված դիմակի գները ևս թանկ են եղել: Պաշտոնյան նկատեց, որ միջազգային շուկայում դիմակի գինն ամեն օր տատանվում է: Օրինակ բերելով ռուսական արտադրողներին, ասաց, որ մեկ օրում մեկ դիմակը կարող է արժենալ 25 ռուբլի (157 դրամ),  մյուս օրը 27 ռուբլի (170դրամ), այսինքն՝ դիմակների շուկան այս պահին ևս անկայուն է, և տնտեսվարողի համար ներմուծումը ռիսկային է:

Անդրադառնալով միրգ-բանջարեղենի թանկացմանը Երևան Սիթի սուպերմարկետների ցանցում՝  Գևորգյանն ասաց.

«Երևան սիթին միրգ-բանջարեղեն արտադրող չի: Մենք վերահսկելու գործիքներ ունենք, բայց եթե առևտրային ցանցն արդեն իսկ գնում է բարձր գնով, այդտեղ մենք ֆունկցիա չունենք: Նշանակում է, ես պետք է գնամ գյուղացիական տնտեսություններին վերահսկեմ, իսկ աշխարհում այդպիսի երկիր չկա, որ ՏՄՊՊՀ-ն նման ֆունկցիա կատարի: Մի քանի անգամ թանկացնելու հետ՝ բնականաբար, համաձայն չեմ: Ամենաշատը թանկացել է քաղցր բիբարը, իսկ թանկացումը տեղի է ունեցել մարտի քսանին»:

Պաշտոնյան ասաց, որ բենզինի գինը վերջին օրերին նվազել է և սպասում են, որ ապրիլին ևս գնի իջեցում կլինի:

Մանրամասները` տեսանյութում