Ունենք աշակերտներ և ուսուցիչներ, որոնք չունեն համապատասխան սարքեր, փորձենք լուծել այդ հարցը. Արայիկ Հարությունյանը՝ հեռավար ուսուցման մասին (տեսանյութ)
Նախարարությանը հիմնականում հաջողվեց այս մեկ շաբաթվա ընթացքում ապահովել հարթակներ և համագրործակցություն՝ հեռավար կրթություն իրականացնելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով հեռավար կրթության մասին:
Նա նշեց, որ նույնիսկ մարզերից մեկը 88 տոկոս ներգրավվածություն է ապահովել:
«Գիտեմ՝ կան խնդիրներ, առաջիկա օրերին դրանք կգույքագրվեն: Մենք ըստ էության տեխնոլոգիական խնդիր չունենք, բայց տեխնիկայի հետ կապված խնդիրներ ունենք: Կան աշակերտներ և ուսուցիչներ, որոնք համապատասխան սարքեր չունեն, փորձենք լուծել այդ հարցը՝ դպրոցների համապատասխան տեխնիկան իրենց տուն տեղափոխելով և ժամանակավոր օգտագործման հնարավորության տալով»,-ասաց նա:
Անդրադառնալով բուհերին՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ բուհերը հաջող անցել են այս գործըթնացը և դեռ արտակարգ դրություն չէր հայտարարվել, ռեկտորների խորհուրդը համագործակցություն որոշում կայացրեց և պատասխանատվություն վերցրեցին իրենց վրա այդ համակարգը գործարկելու և կարծես՝ հաջող ընթանում է:
«Տեսնում եմ, որ համակարգի հետ կապված, ընդհանուր առմամբ ոգևորություն կա, որովհետև նորություն է, նոր գործիքներ են: Ուսուցիչներից մեկն անգամ գրառում էր արել, որ աշակերտները դասին այդքան հավեսով դաս չեն անում, որքան այս հեռավար հարթակներով»,-ասաց նա:










