Իտալիան կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար պետք է միասնականություն դրսևորի, ինչպես Երկրորդ աշխարհամարտից հետո. Մատարելա
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան մարտի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով իտալացիներին միասնություն դրսևորել:
«Իտալիան պետք է դրսևորի միևնույն միասնականությունը, որը ցույց է տվել Երկրորդ աշխարհամարտից հետո՝ հաղթահարելու համար կորոնավիրուսի պատճառով ստեղծված ճգնաժամի հետևանքները»,- ասել է Իտալիայի նախագահը:
Այս ելույթով Մատարելան հանդես է եկել երեքշաբթի՝ հարգանքի տուրք մատուցելով 76 տարի առաջ Հռոմի մոտակայքում տեղի ունեցած նացիստական վայրագությունների 335 զոհերի հիշատակին:
Վերջինս, դիմելով իր ժողովրդին, համախմբման և միասնականության կոչ է արել՝ պայմանավորված այս օրերին երկիրը պատուհասած կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակով:
«Կյանքի հանդեպ հարգանքի և համերաշխության արժեքները, որոնք պահպանում են մեզ այս ժամանակաշրջանում, վտանգված են լուրջ առողջապահական արտակարգ իրավիճակով»,- repubblica.it-ի փոխանցմամբ՝ ասել է Մատարելան:
Հիշեցնենք, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 63 000-ը, մահացածներինը՝ 6000-ը:










