Մարդկանց կրճատում և աշխատանքից ազատում են գրադարաններում, Ազգային կինոկենտրոնում. քաղաքացիները նշում են որոշ տնօրենների հովանավորչություն ունենալու հանգամանքը․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
Դիմում-բողոքներ եմ ստացել պետական մարմիններից՝ Ազգային կինոկենտրոնից և գրադարաններից, որ տեղի են ունենում կրճատումներ կամ աշխատակիցների աշխատանքից ազատումներ՝ անտրամաբանական, ոչ իրավական և կառավարության կողմից որդեգրած օպտիմալացման համատեքստում չտեղավորվող։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
«Մի շարք պետական մարմիններում, կառուցվածքային փոփոխությունների քողի տակ կրճատումներ են տեղի ունենում։ Աշխատանքից ազատված աշխատակիցները դեռ նախորդ տարվա սեպտեմբերին բարձրաձայնել են տնօրենի կողմից ոչ պատշաճ ձևով աշխատանքի ներկայանալու, աշխատավարձ ստանալու, աշխատակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, նրանց, շանտաժի ենթարկելու հանգամանքը»,- ասաց պատգամավորը։
Աննա Կոստանյանը հայտնեց, որ կոլեկտիվ բողոք է ստացել հատկապես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող կենտրոնական գրադարանի 11 աշխատակիցներից։
«Այս քաղաքացիները բարձրաձայնում են պետական մարմիններում տնօրենների կամ ղեկավարների կողմից նախարարության որևիցե աշխատակցի, ԱԺ-ի և Երևանի քաղաքապետարանի կողմից հովանավորչություն ունենալու հանգամանքը։ Դիմում եմ պետական գերատեսչությունների ղեկավարներին, ուշադիր եղեք ձեր ենթակայության տակ գտնվող կառույցների և դրանց գործող ղեկավարների կամ պաշտոնակատարների հանդեպ»,- նշեց նա։










