Պետք է քաղաքական համաձայնության գանք՝ չհաստատել նիստի օրակարգը, երբ դուրս կգանք այս վիճակից, նիստը կգումարենք այս կետից սկսած, լավ օրինակ չենք ծառայում քաղաքացիներին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
ԱԺ հերթական նիստի մեկնարկին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդես եկավ առաջարկությամբ:
Պատգամավորը նշեց՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակ այն որևէ ազդեցություն չի ունենում ԱԺ-ի գործունեության վրա, բայց այս նորմը սահմանադիրը նախատեսել է այն պարագաների համար, երբ կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն և դրանով հնարավոր է փորձի միջամտել և թույլ չտալ, որ ԱԺ-ն գործի:
«Ես կարծում եմ, որ մենք 4-օրյա նստաշրջան գումարելով՝ հիմա 130 հոգով այստեղ հավաքելով և մեր աշխատողներին աշխատանքի հրավիրելով՝ վատ օրինակ ենք ծառայում, առավել ևս վարչապետի երեկվա հայտարարությունից հետո:
Առաջարկում եմ խմբակցություններով քննարկել՝ ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը և այդ ճանապարհով նիստերը չիրականացնենք, առավել ևս՝ որևէ հրատապ նախագիծ չունենք, որը կապված է արտակարգ դրության իրավական ռեժիմի հետ»,- ասաց պատգամավորը:
Մարուքյանը նշեց, որ աշխարհի խորհրդարանները գործում են միայն այն դեպքերում, որտեղ արտակարգ դրության վերաբերյալ կամ տնտեսությունը փրկելու նախագծեր են քննարկում: «Ցանկացած նման իրավիճակում կարող ենք արագ հավաքվել, առաջարկում եմ քննարկում սկսենք՝ չհաստատել այս օրակարգը, երբ որ դուրս կգանք այս վիճակից, նիստը կգումարենք սկսած այս մակարդակից»,- հայտարարեց նա:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ Մարուքյանը պետք է հանդես գա այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ և խորհրդարանն այդ դեպքում պարտավոր կլինի քննարկել այն, իսկ այս պահին այդ ռեժիմով աշխատել չեն կարող, որովհետև նման օրենսդրություն չկա: «Կյանքը շարունակվում է, և որպես օրիանակ ծառայելու համար մենք պետք է ոչ թե նստենք տանը, այլ շարունակենք մեր աշխատանքները:
Հանձնաժողովներն առավելագույնն են արել, որ օրակարգը զտեն ոչ առաջնային հարցերից, մենք քննարկելու ենք այն հարցրեը, որոնք հանձնաժողովները կարևոր են համարել»,- նշեց ԱԺ խոսնակը:
Միրզոյանը նաև հավելեց, որ չգիտեն՝ արտակարգ դրությունը երբ կավարտվի, մեծ հաշվով 30 օր, բայց հնարավոր է այն երկարի. մի քանի ամիսների, մեկ տարվա վերլուծություն կա: «Մենք այդ ռեժիմով չենք կարող մեկ տարի մնալ և պետք է երկրի համար անհրաժեշտ օրենսդրական գործունեությունը ծավալենք»,- շեշտեց նա:
Մարուքյանն էլ նշեց, որ օրենսդրական նախաձեռնության կարիք չկա, խոսքը քաղաքական պայմանավորվածության գալու մասին է՝ չհաստատել օրակարգը, հավաքվել միայն արտակարգ դրության իրավիճակից բխող կամ տնտեսությունը դժվարին վիճակից հանող, արտակարգ ռեժիմը խստացնող և թուլացնող հարցերի համար:
«Մենք մարդկանց ասում ենք՝ նստեք տանը, բայց մենք գալիս ենք գործի, սոցիալական հեռավարություն չենք ապահովում, նույն բարձախոսներին ձեռք ենք տալիս, դրանով լավ օրինակ չենք ծառայում: Օրակարգում չկան հարցեր, որոնք անհրաժեշտ են, որ խորհրդարան հենց հիմա ընդունի կյանքը բարելավելու համար: Խոսքը վերաբերում է գոնե մինչև խստացված ռեժիմի անցնելը: Երբ խստացված ռեժիմից անցնենք և հայտարարվի՝ սրճարարնները, ռեստորանները, գործարանները կարող են աշխատել, մենք այդ ժամանակ կարող ենք սկսել: Ես՝ որպես խորհրդի անդամ, կարող եմ մնալ 24 ժամ այստեղ, բայց այս նիստը, որ հեռարձակվում է լավ օրինակ չենք ծառայում քաղաքացիներին»,- ասաց պատգամավորը:
ԱԺ նախագահն էլ հայտարարեց, որ առաջարկը հնչել է և յուրաքանչյուր պատգամավոր ինքը պետք է իր դիրքորոշումն ասի, իր կարծիքն էլ այն է՝ չպետք է կայնքը կանգնի:










