«Պուտին. ռուս լրտեսի պատմությունը». բրիտանական հեռուստաալիքով մեկնարկել է Պուտինի մասին 3-սերիանոց ֆիլմի ցուցադրությունը
Բրիտանական Channel 4 հեռուստաալիքով մեկնարկել է «Putin: A Russian Spy Story» («Պուտին. ռուս լրտեսի պատմությունը») վերնագրով 3-սերիանոց վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, գրում է The Guardian պարբերականը։
Պարբերականի տեղեկություններով՝ ֆիլմն իրենից «այս քաղաքական գործչի հետ աշխատած, նրան լավ իմացող և նրա հետ շփում ունեցած մարդկանց հետ հարցազրույց է ներկայացնում»։ Ֆիլմում կխոսեն Պուտինի նախորդի` Բորիս Ելցինի դուստրը` Տատյանա Յումաշևան, Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի այրին, ռուս և արևմտյան քաղաքական փորձագետներ:
Նախագծի հենց անոնսում նշվում է, որ «Պուտինը, նախագահ լինելով, որոշել է «Ռուսաստանը կրկին հզոր դարձնել» և երկիրը նորից համաշխարհային թատերաբեմ բերել. նա աշխատել է ԱՄՆ 3 նախագահի և Մեծ Բրիտանիայի 4 վարչապետի հետ, և այն փաստը, որ նրա քաղաքական գործելաոճով հիանում են շատ միջազգային ղեկավարներ և փորձում են նմանակել նրան, նշանակում է, որ նա, հնարավոր է, իր ժամանակի ամենաազդեցիկ առաջնորդն է»։
Վլադիմիր Պուտինին նվիրված փաստավավերագրական ֆիլմի մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2019 թվականի օգոստոսին։ Նախագծի գործադիր պրոդյուսեր Ջեյմս Ռոգանի խոսքով՝ «Ռուս լրտեսի պատմության» ստեղծողներն իրենց առջև խնդիր են դրել բացահայտել, թե ինչպես է սեփական փորձն ազդել նրա քաղաքականության վրա։
«Հասկանալու համար՝ ինչ է կատարվում այժմ աշխարհում, պետք է նախ Վադիմիր Պուտինին հասկանալ։ Պուտինը 21-րդ դարի ամենանշանավոր քաղաքական գործչին բնորոշ կայունություն է դրսևորել։ Այս ֆիլմը կպատմի, թե ինչ ազդեցություն է նա ունեցել աշխարհի վրա»,- նշել է Ռոգանը։










