Իշխանությունները հաճախ գնում են իրադարձությունների հետևից՝ դրանք կանխելու փոխարեն. ՀՅԴ-ն իր ողջ ուժով պատրաստ է աջակցել երկրի և ժողովրդի առջև կանգնած խնդիրները լուծելուն. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

16:08 • 24.03.20

ՀՅԴ ԳՄ-ն կազմել է մի ծավալուն քաղաքական և մասնագիտական փաստաթուղթ՝ երկրում հաստատված արտակարգ դրության վիճակից բխող քայլերի մասին: Այս մասին ՀՅԴ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, թե ՀՅԴ-ն իր ողջ ուժով պատրաստ է աջակցել երկրի և ժողովրդի առջև կանգնած խնդիրները լուծելուն:

Անդրադառնալով դիտարկումներին, թե ՀՅԴ-ի՝ արտակարգ դրության ընթացքում նախաձեռնած գործողությունները քաղաքական նպատակներ ունեն՝ Սաղաթելյանն ասաց, թե պետությունն ու իշխանությունը տարբեր բաներ են:

«Ցանկացած իշխանություն, առավել ևս՝ ՀՀ այսօրվա իշխանությունները, անցողիկ են, մնայունը մեր պետությունն ու ժողովուրդն են: Ցանկացած քաղաքական կուսակցության գլխավոր նպատակն իր պետության և ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունն են, հետևաբար, այս օրերին, երբ մեր երկիրը գտնվում է ծանր կացության մեջ, մեզ համար առաջնային է մեր հնարավորություններն ու ուժերը մեկտեղել մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծելու համար»,-հայտարարեց Սաղաթելյանը՝ նշելով, թե հենց այս սկզբունքից ելնելով՝ ՀՅԴ-ն իր պատրաստալամությունն է հայտնում իր ուժերը ներդնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

«Սա բնավ չի նշանակում, որ մենք բավարարված ենք իշխանությունների այն քայլերից և գործողություններից, որ ձեռնարկել են այս օրերին, բայց դրանց կանդրադառնանք ավելի ուշ: Այսօր քաղաքական դիվիդենտներ հավաքելու ժամանակը չէ, և սա վերաբերում է նաև իշխանության այն ներկայացուցիչներին և պատգամավորներին, որոնք, առիթից օգտվելով, այս ընթացքում կրկին «Այո»-ի, ՍԴ-ի կամ այլ հարցերի են անդրադառնում՝ չտարբերելով առաջնայինը երկրորդականից»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ ընգծելով, թե ՀՅԴ-ն գտնում է, որ չնայած երկրում հայտարարվեց արտակարգ դրութուն, բայց իրականության մեջ կիրառվեցին արտակարգ դրության մի քանի տարրեր և դետալներ միայն:

«Սկզբնական շրջանում բավականին անլուրջ մոտեցում կար արտակարգ դրության հանդեպ: Մեր կարծիքով՝ իշխանությունները, չնայած քայլեր ձեռնարկում էին, բայց ամբողջությամբ չեն հասկացել այս հարցի վտանգավորության, տարածման և հետևանքների հեռանկարները»,-նշեց նա:

Սաղաթելայնի խոսքով՝ իրենց կողմից Կառավարությանը ներկայացված փաստաթղթի հիմնական մեխը կազմված է նրանից, որ պետության և պարետատան հիմնական առաքելությունն այս օրերին պետք է լինի համավարակի տարածման կանխարգելումը: «Իշխանությունները հաճախ գնում են իրադարձությունների հետևից՝ հետ մնալով մեկ քայլ առաջ անելուց և իրադարձությունները կլանելուց»,-նշեց նա: