Հաճախորդները տոմսերը վերադարձրել են, մենք՝ գումարները. եթե այս ամիս չկարողանանք աշխատավարձ տալ, ապա հաջորդ ամիսներին կփոխհատուցենք. տուրիստական գործակալությունների տնօրեններ
Նոր կորոնավիրուսի տարածումը և՛ աշխարհում և՛ Հայաստանում ամենաշատ վնասը հասցնում է տուրիստական ըներություններին. շատ բարդ շրջան է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սմայլ թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Անուշ Առաքելյանը։
«Մեր ընկերությունը հիմա փակ է։ Ինչ ամրագրումներ, որ ունեինք, բոլորը չեղարկվել են։ Հաճախորդներն իրենց տոմսերն են վերադարձրել, մենք՝ գումարները։ Աշխատակիցների մարտի աշխատավարձը կկարողանանք տալ, բայց հետո չգիտեմ, թե ինչ ենք անելու։ Հիմա տանից աշխատելն իմաստ չունի, որովհետև գրասենյակը փակ է, բայց կարողացանք բոլոր պատքուպահանջները փակել, չնայած, որ վնասով են փակել»,- ասաց նա։
«Դայանս Թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Դիանա Հակոբյանը Tert.am-ին ներկայացրեց, որ դեռ ոչ մի քայլ չեն ձեռնարկել, սպասողական վիճակում են:
«Ոչինչ չենք էլ կարող անել, որովհետև ամբողջ աշխարհում է այս վիճակը: Կարելի է ասել՝ «կրիզիս է», մարդիկ վախենում են նույնիսկ ամառվա հետ կապված ուղևորություններ պլանավորել: Մեր օֆիսը փակ է, միայն տոմսերի վերադարձն ենք տանից իրականացնում: Իհարկե, ընկերության ֆիննանսական վիճակը վատ է: Եթե այս ամիս չկարողանանք աշխատակիցներին աշխատավարձ տալ, ապա մյուս ամիսներին անպայման կփոխհատուցենք»,- ներկայացրեց Հակոբյանը:










