Այս ծանր պայմաններում որոշումները չպետք է լինեն ամբոխահաճո. պետք է դադարեցնել բոլոր տեսակի պարգևատրումները. Արթուր Խաչատրյան

17:06 • 24.03.20

Հարկ ենք համարում ընդգծել, որ Կառավարության կողմից կորոնովիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար ներկայացված միջոցառումներում հաշվի չեն առնում իրավիճակի խորքային խնդիրները և պատճառահետևանքային շղթայի թյուր վերլուծության արդյունք են: Այս մասին ՀՅԴ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը՝ ներկայացնելով ՀՅԴ-ի կողմից Կառավարությանը հանձնած առաջարկների փաթեթը:

Նա նշեց, որ առաջարկությունները վերաբերում են առաջիկա 1.5-2 ամսվան: «Համավարակի դեմ կարող ենք պայքարել միայն կառավարչական հմտությունների գործադրմամբ, իրական ժամանակահատվածում բազմաթիվ, այդ թվում՝ ցավոտ որոշումների կայացմամբ: Ապրում ենք ծանր պայմաններում, և որոշումները չպետք է լինեն ամբոխահաճո»,-նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ պետք է կարողանալ պայքարել ոչ թե ճգնաժամի, այլ պատճառների դեմ, այս դեպքում՝ կորոնավիրուսի: «Մեր խնդիրն է երկիրը բերել, պայմանականորեն ասած, նվազագույն էներգախնայողության ռեժիմի, ապահովել քաղաքացիների և պետության անվտանգությունը և լուծել բնակչության առջև ծառացող կենսական սոցիալական խնդիրները»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքով՝ համաճարակի անկանխատեսելիությունը, մասշտաբայնությունը ձևավորում են ֆինանսատնտեսական երկարաժամկետ համակարգային ճգնաժամեր, ուստի սկզբունքային է իրականացնել քայլեր, որոնք երաշխավորում են բնակչության անվտանգությունը և պետության կենսունակությունը, իսկ այդ քայլերը պետք է նախատեսվեն մինչև առնվազն հաճարակի համընդհանուր չեզոքացումը:

«Օրինակ՝ եթե մենք ասում ենք՝ մի տեղաշարժեք, մեկուսացեք, պետք է նաև քայլեր ձեռնարկենք այդ տեղաշարժը կանգնեցնելու համար, իսկ դրա ամենարադյունավետ միջոցը տրանսպորտային հոսքերի դադարեցումն է: Մի շարք միջոցառումներ կան, որոնք հրատապ պետք է իրականացվեն՝ պետական մարմիններից տրվող տեղեկանքների ժամկետների երկարակցում՝ մինչ արտակարգ դրության ավարտ, կանխիկ դրամի շրջանառության սահմանափակում՝ խրախուսելով քարտային գործարքները, բանկերին ու վարկային կազմակերպություններին օնլայն ռեժիմով աշխատելու հորդոր»,-ներկայացրեց Խաչատրյանը՝ ընդգծելով, թե կանխատեսելի չէ՝ ինչեր կարող են լինել:

«Պետությունը կարող է կանխիկի կարիք ունենալ, արտարժույթի կարիք ունենալ, հետևաբար պետք է դադարեցնել այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք այս իրավիճակում հրատապ չեն, դադարեցնել գնումների բոլոր մրցույթների իրականացումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անհրաժեշտ են պետության գործունեությունն արտակարգ դրության ընթացքում երաշխավորելու համար: Դադարեցնել բոլոր տեսակի պարգևատրումները բոլոր մակարդակների պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դադարեցնել գործուղումները»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը: