Ֆինլանդիայի նախկին նախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ֆինլանդիայի նախկին նախագահ (1994-2000) 82-ամյա Մարտի Ահտիսաարիի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի նախագահի գրասենյակի տարածած հայտարարությանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 21-ին կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մարտի Ահտիսաարիի կնոջ մոտ։
«Նախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Վարակի առկայությունը հաստատվել է մարտի 23-ին։ Ներկայում նախագահի ինքնազգացողությունը լավ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ահտիսաարին ֆինն դիվանագետ է, ՄԱԿ-ի աշխատակից։ 2008 թվականին դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Ֆինլանդիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 700 դեպք, որից 1-ը` մահվան ելքով։ Հիվանդությունից երկրում ապաքինվել է 10 մարդ։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 382 000-ի, որից 16 558-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 102 000 մարդ։










