Գեղեցիկ աղջկա կամ սիրուն քոթոթի հետևում երբեք չգիտես, թե ով է թաքնված. Համազասպ Դանիելյանը տեղեկատվությունից օգտվելու 3 կանոն է առաջարկում (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը կարևորեց հետևել տեղեկատվական հիգիենիայի կանոններին, ինչպես հետևում ենք անձնական հիգիենիայի կանոններին: Նա նշեց, որ փոխվել են տեղեկատվության ստացման և տարածման հնարավորությունները և խողովակները:
«Այս տեղեկատվական հեղափոխությունը ոչ միայն նոր հանրավորություններ է ստեղծել բոլորիս համար, այլ նաև նոր մարտահրավերներ»,-ասաց նա:
Համազասպ Դանիելյանն առաջարկեց սահմանել երեք կանոն՝ սոցիալական ցանցերում մեր վարքը համապատասխանեցնելու համար: «Սոցիալական ցանցերում թե՛ տեղեկատվությունը, թե՛ ապատեղեկատվությունը շատ արագ տարածվում է, հաճախ անգամ ամենավնասակար վիրուսից ավելի արագ»,-ասաց նա:
Ըստ իր առաջարկած առաջին կանոնի՝ նա կոչ արեց զգուշությամբ ընտրել տեղեկատվության աղբյուրները, որոնցից օգտվում ենք: «Գեղեցիկ աղջկա, կամ սիրուն քոթոթի հետևեում երբեք չգիտես, թե ով է թաքնված»,-ասաց նա:
Անդրադառնալով երկրորդ կանոնին՝ նա կոչ արեց հեռացնել այն աղբյուրները, որոնք պարբերաբար ապատեղեկատվություն և չստուգված տեղեկատվություն են տարածում:
«Կարևոր է ոչ միայն մեր կողմից սպառվող տեղեկատվության որակը, այլ նաև քանակը»,- ասաց նա:
Որպես երրորդ կանոն՝ Դանիելյանը կոչ արեց փորձել ժամանակ առ ժամանակ տեղեկատվական «դիետա» սահմանել, դուրս գալ վիրտուալ իրականությունից, շփվել ընտանիքի անդամների հետ:










