Վրաստանը կորոնավիրուսի պատճառով սահմանափակել է միջքաղաքային ուղևորափոխադրումները

10:20 • 24.03.20

Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակել է միջքաղաքային ուղևորափոխադրումները: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում անելով Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանիին:

Ուղևորներն այլևս չեն կարող ճանապարհորդել ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և գնացքներով:

«Համակարգող խորհուրդը լրացուցիչ որոշումներ է կայացրել և սահմանափակել է միջքաղաքային փոխադրումները: Երկիրը մտել է կորոնավիրուսի ներքին տարածման փուլ, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ կանգնեցնենք այդ տարածման արագությունը: Այդ իսկ պատճառով մենք ստիպված ենք սահմանափակել միջազգային տրանսպորտի, այդ թվում՝ գնացքների տեղաշարժը: Իրավիճակը պահանջում է լուծման այս տարբերակը»,-հայտարարել է Չիկովանին:

Համապատասխան որոշումը ընդունվել է համակարգող խորհրդի՝ մարտի 23-ի նիստում:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381 000-ը, ավելի քան 16 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: