Հնդկաստանում 3-շաբաթյա համապետական մեկուսացում է հայտարարվել

23:30 • 24.03.20

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մարտի 25-ի կեսգիշերից համազգային մեկուսացումը 21 օրով շարունակելու մասին:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը համազգային արգելափակումը կգործի 21 օր՝ 3 շաբաթ: Հնդկաստանը փրկելու համար երկրի յուրաքանչյուր քաղաքացու կարգելվի տնից դուրս գալ ժամը 24:00-ից սկսած: Յուրաքանչյուր գյուղ, շրջան գտնվում է խիստ արգելափակման տակ»,-  РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Մոդին՝ դիմելով երկրի ժողովրդին:

«Դուք պետք է հասկանաք, որ կորոնավիրուսով հիվանդ մարդը սկզբում սովորական տեսք ունի և ոչ մի ախտանշան չի դրսևորում: Այդ իսկ պատճառով պահպանեք կանխարգելիչ միջոցառումներն ու տանը մնացեք: Եթե գլուխ չհանենք առաջիկա 21 օրվա հետ, ապա հետ կգնանք 21 տարով»,- հավելել է երկրի վարչապետը:  

Երկրի բոլոր 36 նահանգները մեկուսացման մեջ կլինեն: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Հնդկաստանում 519 մարդ վարակվել է կորոնավիրուսով, որոնցից 10-ը մահացել են: