Հեռավար ուսուցումը պատշաճ մակարդակով կազմակերպված չէ․ ՀՀ կրթական համակարգը պատրաստ չէ դրան և ոչ բոլոր ուսուցիչներն ու աշակերտներն ունեն սարքեր․ Շաքե Իսայան (տեսանյութ)
Մեր կրթական համակարգը պատրաստ չէ օնլայն դասընթացների ֆորսմաժորային իրավիճակներում։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարության կողմից որոշում կայացվեց բուհերում և դպրոցներում հեռավար ուսուցմամբ դասընթացը կազմակերպելու մասին։
«Դասապրոցեսի նորովի կազմակերպումը թելադրում է այլ գործիքակազմ, գիտելիքներ և հմտություններ, որին ցավոք սրտի, դասապրոցեսի շահառուները պատրաստ չեն։ Նախ չկա միասնական էլեկտրոնային ուսուցման համակարգ, բացակայում են ստանդարտացված հավելվածները»,- ասաց նա։
Պատգամավորը նաև նկատեց, որ ոչ բոլոր աշակերտներն ու ուսուցիչներն ունեն համապատասխան գաջեթներ՝ օնլայն աշխատելու կամ սովորելու համար։
«Բացի այն, որ սա լրացուցիչ ֆինանսական բեռ է։ Մարզերից մեզ ահազանգում են, որ անկանխիկ տարբերակով այս օրերին տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն չկա, բանկերն այս օրերին ապառիկ գործարք չեն կատարում»,- նշեց նա։
Շաքե Իսայանն իր ելույթի վերջում արձանագրեց, որ այս պահին հեռավար ուսուցումը պատշաճ մակարդակով կազմակերպված չէ Հայաստանում։










