Աշխարհի բնակչության 20%-ը կորոնավիրուսի համավարակի պատճառով «փակի տակ է». The Guardian

12:43 • 24.03.20

Աշխարհում բնակվող յուրաքանչյուր հինգերորդ մարդը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում իշխանություններից տանը մնալու և դուրս չգալու կարգադրություն է ստացել, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ  աշխարհն այս վարակի դեմ պայքարում մտնում է ճգնաժամային շաբաթ:

Ըստ աղբյուրի՝ ամբողջ աշխարհում մոտ 1,7 մլրդ մարդ վարակի հետագա տարածումը կանխել փորձող կառավարություններից տանը մնալու հրահանգ է ստացել: Նման քայլի դիմած երկրներում տեղաշարժի, հավաքների սահմանափակումներ և արգելքներ են կիրառվում: Փակվել են բարերն ու ռեստորանները, ժամանցի վայրերն ու առևտրի կենտրոնները, մարզասրահներն և այլ հաստատություններ: Կառավարությունների որոշմամբ՝ անարգել գործում են մթերային խանութներն ու դեղատները:

Բնակիչներին տանը մնալու խնդրանքով հանդես են եկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Իսպանիայի և տասնյակ այլ պետությունների կառավարությունները:

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381 000-ը, ավելի քան 16 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: