Այս իրավիճակում բոլորն են տուժում, և յուրաքանչյուրս մեր չափով պետք է փորձենք թեթևացնել ամբողջ պետության բեռը. ԱԺ-ն պարապուրդի մատնելն էլ նպատակահարմար չէ. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

12:58 • 24.03.20

Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել ԱԺ-ն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին, որ խորհրդարանում մնան միայն ԱԺ նախագահը, փոխնախագահն ու խմբակցության ղեկավարները, իսկ մյուսները տուն գնան:

«Պետական առանձին գերատեսչությունների և ԱԺ-ի համար կան Սահմանադրությամբ նախատեսված պարտավորություններ: Կյանքը ՀՀ-ում չի կարող կանգնել, իսկ քաղաքացիները հնարավորություն կունենան այս ընթացքում ավելի ակտիվորեն հետևելու, թե ինչ է կատարվում ԱԺ-ում. մենք չենք կարող մեր աշխատանքները դադարեցնել»,-ասաց Մակունցը՝ նշելով նաև, որ բացակա պատգամավորների բացակայությունները հարգելի կհամարվեն։

Անդրադառնալով արտակարգ դրությամբ պայմանավորված՝ տնտեսվարողների խնդիրներին՝ պատգամավորը հայտնեց, որ մշակվում են գործիքներ, որոնցով աջակցություն կլինի թե՛ բիզնեսին, թե՛ հարկատուներին, թե՛ աշխատողներին: «Հասկանալի է, որ այս իրավիճակում բոլորն են այս կամ այն չափով տուժում, և հետևաբար յուրաքանչյուրս մեր չափով պետք է փորձենք թեթևացնել ամբողջ պետության բեռը, բայց դա իհարկե չի նշանակում, որ պետությունն իր պարտավորությունները չի կատարում և չի կատարելու»,-ասաց նա:

Հարցին՝ իսկ պետությունը կարո՞ղ է հարկադիր պարապուրդի մատնված բոլոր քաղաքացիների աշխատավարձերը վճարել, Մակունցն արձագանքեց. «Մենք ունենք պարտադիր պարապուրդի վերաբերյալ օրենք, սակայն արտակարգ պայմաններում լրացուցիչ նախագիծ ունենալու անհրաժեշտություն կա, որի ուղղությամբ Կառավարությունն աշխատում է: Արդեն իրենք կներկայացնեն»:

Դիտարկմանը, թե Էդմոն Մարուքյանն արդյունավետ չի համարում Կառավարության ձեռնարկած միջոցառումները, մասնավորապես՝ 150 մլրդ դրամի վարկերի տրամադումը այն քաղաքացիներին, որոնց բիզնեսը տուժել է, և առաջարկում է քաղաքացիներին առձեռն փոխանցվեն գումարները, Մակունցն արձագանքեց. «Այն գործողությունները, որոնք ձեռնարկում է Կառավարությունը, ես լրիվ արդարացված եմ համարում, որովհետև քաղաքացիներին այդ գումարները տալը նշանակում է պարզապես սոցիալական բեռ թեթևացնել, որն ուղղակի այդ պահին ծախսվելու է և ոչինչ չի տալու»:

Հարցին էլ՝ ինչու պատգամավորնեը չեն պահպանում անվտանգության կանոնները, դիմակներ ու ձեռնոցներ չեն կրում, Մակունցը պատասխանեց. «Ըստ Առողջապահության նախարարութան՝ դիմակներ առաջարկվում է կրել այն մարդկանց, որոնք որոշակի թուլություն են զգում, վատառողջ են»: