Կառավարությունն առաջարկում է Լոռու և Տավուշի մարզերում համայնքների միավորումներ կատարել
Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Լոռու և Տավուշի մարզերում համայնքների միավորումներ կատարել:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, ով նշեց, որ այսպիսով առաջարկում են Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ընդգրկել Լերմոնտովո գյուղը և Անտառաշեն գյուղը` որպես բնակավայրեր, իսկ Տավուշի մարզի Իջևան համայնքում ընդգրկել Իջևան քաղաքը, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշտառակ, Ծաղկավան, Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն գյուղերը:
«Այս միավորման արդյունքում կունենանք երկու միավորված համայնքներ` թվարկված նախկին համայնքների փոխարեն: Դրանք միավորված համայնքների մեջ կընդգրկվեն բնակավայրի կարգվիճակով` օրենքով նախատեսված բոլոր լիազորություններով և կարգավորումներով հանդերձ»,-ասաց նա:
Վաչե Տերտերյանը նշեց, որ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Լոռու մարզի Լերմոնտովո և Տավուշի մարզի Իջևան միավորված համայնքներում կնշանակվեն ընտրություններ, ներկայիս համայքնների ՏԻՄ լիազորությունները օրենքով կհամավրվեն դադարեցված:
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, թե եղել են տեղական հանրաքվեներ, Կառավարության ներկայացուցիչը բացասական պատասխան տվեց: «Տեղական հանրաքվեներ չեն կայացել, քանի որ դրանք օրենքով սահանված կարգով համայնքների կողմից չեն նախաձեռնվել»,-ասաց նա և նշեց, որ չնայած դրան մի շարք հանդիպումներ են ունեցել համայնքներում, ԱԺ-ում այդ թեմայով ներկայացուցչական լսումներ են եղել:










